
Մեկնողները քիչ են, ուստի գներն էլ չեն բարձրացել
Տուրիստական գործակալությունների վիճակագրական տվյալներն արտագնա տուրիզմի առումով դեռևս աղոտ են: Այնուամենայնիվ, նրանց տվյալների հիման վրա կարելի է մոտավոր պատկերացում կազմել այն հիմնական ուղղությունների մասին, որոնք այս տարվա ամռանն առավել նախընտրելի են հայաստանցիների կողմից:
«Արարատ» տուրիստական գործակալության տնօրեն Մելինե Մաթևոսյանի խոսքով` այս տարի մեր հայրենակիցներն ավելի շատ նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում:
«Նշված երկրները հիմնական ուղղություններն են: Մեր քաղաքացիները հիմնականում նախընտրում են հուլիս–օգոստոս ամիսներին մեկնել հանգստի: Նշված ժամանակահատ վածն ամենապիկ շրջանն է»,– Oragir.info-ի հետ զրույցում ասաց նա:
Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ զրույցում փորձեցինք պարզել նաև տուրփաթեթների գնային քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին:
Մելինե Մաթևոսյանի տվյալներով` թանկացումներ չեն եղել:
«Հակառակը` գները նվազել են: Ինչ վերաբերում է գնային տարբերությանը, որը կարող է գրանցվել կախված ամսից, գնային տատանում գրեթե չկա: Հիմնականում մեծ չէ տարբերությունը` կարող է շատ չնչին լինել: Օրինակ` օգոստոսին մի փոքր ավելի թանկ է»,–ասաց նա:
Մեր զրուցակցի դիտարկմամբ` հիմնականում փաթեթներ են վաճառվում, որոնց մեջ ներառվում են ավիատոմսը, հյուրանոցը և այլ ծառայություններ. «Ընդհանուր առմամբ` հայերը հիմնականում սիրում են լավ` 4–5 աստղանի հյուրանոցներում հանգստանալ»:
«Սանի դեյ» տուրիստական ընկերությունից էլ հայտնեցին, որ այս տարի հիմնական ուղղությունները Եգիպտոսն ու Հունաստանն են:
Ընկերության աշխատակցի խոսքով` գնային կտրուկ տարբերություններ այս ամառ չեն գրանցվել:
Հետաքրքրվեցինք` այս տարի էլ ե՞ն հայերը նախընտրում Վրաստանից մեկնել հանգստի:
«Հիմա հիմնականում բոլորը Հայաստանից են մեկնում, որովհետև ավիատոմսերի գների մասով մեծ տարբերություն չկա»,– հայտնեց աշխատակիցը:
«Գրին վեյ» տուրիստական ընկերության տնօրեն Շուշան Սարգսյանի տվյալները ևս չեն տարբերվում նախորդներից:
«Նախընտրած երկրների ցանկում փոփոխություններ չկան: Այն ուղղություններն են, որոնք ամեն տարի նախընտրել են. Եգիպտոս, ԱՄԷ, Եվրոպա և մի քանի ծովափնյա երկրներ: Մարդկանց հոսքը դեպի արտերկիր գրեթե նույնն է: Յուրաքանչյուր ամիս թեթևակի շեղումներ կան, բայց այն մարդիկ, ովքեր ամեն տարի ճամփորդում են, նորից են ճամփորդում: Անցած տարվա հետ համեմատ տարբերությունը քիչ է»,–ասաց Շուշան Սարգսյանը:
Անդրադառնալով ավիատոմսերի խնդրին` նա նշեց, որ չարտերային թռիչքների պարագայում գները նույնն են, քիչ տարբերություն կա. «Բայց միայն ավիատոմսի ձեռքբերումն առանց փաթեթի թանկ է»:
Մելինե Մաթևոսյանի խոսքով էլ չարտերային թռիչքներն այս տարի շատ էժան են:
«Երբեք այսպիսի բան չի գրանցվել, որ չարտերային թռիչքների գները մինչև հիմա նման արժեքներով պահպանվեն, որովհետև իրականում բիզնեսի տեսանկյունից ճիշտ չէ: Իսկ ինչ վերաբերում է ռեգուլ յար թռիչքներին, կարելի է ասել, որ մեծ թանկացումներ չեն եղել»:
Թեև ամառը դեռ չի վերջացել, բայց Մելինե Մաթևոսյանն իր կանխատեսումն ունի. «Իմ կարծիքով` արտագնա տուրիզմի առումով ամենաքիչ թիվն է արձանագրվելու:
Շատ քիչ են մեկնողները: Կարծում եմ` այդ պատճառով էլ գները չեն թանկացել»:
Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների` Վրաստանից մեկնելու ցանկությանը, մեր զրուցակիցը նշեց, որ իրենց ընկերությունը հիմնականում Հայաստանից է թռիչքներ առաջարկում. «Մենք ամեն ինչ անում ենք, որ թռիչքները Հայաստանից լինեն, և ավելորդ եկամուտ չապահովենք այլ երկրի համար»:
Մենք փոքր ուսումնասիրություն անցկացրեցինք տարբեր տուրիստական գործակալությունների կողմից առաջարկվող տուրփաթեթների գներին ծանոթանալու համար: Փորձեցինք հասկանալ հատկապես վերոնշյալ ուղղությունների պարագայում առկա առաջարկներին:
Օրինակ` առաջարկվում էր եվրոպական մի քանի երկիր այցելելու փաթեթ, որն արժեր 520 եվրո: Իսկ Պրահայի տուրփաթեթը հիմնականում տատանվում է 370–400 եվրոյի սահմաններում: Իտալիայի դեպքում տուրփաթեթների գներն ավելի բարձր են` մոտ 680–800 եվրո: Արաբական Միացյալ էմիրությունների տուրփաթեթները տատանվում են 518–680 ԱՄՆ դոլարի սահմաններում: Եգիպտոսի դեպքում առաջարկվող փաթեթներն ավելի մատչելին են` 270–500 ԱՄՆ դոլարի սահմաններում: Ներկայացված փաթեթներում հիմնականում ներառվում են բոլոր ծառայությունները` ավիատոմսը, սնունդը, հյուրանոցը և այլն: Հունաստանի պարագայում համեմատական առումով փաթեթների արժեքներն ավելի բարձր են` տատանվում են մոտ 740– ից մինչև 1300 եվրոյի սահմաններում: